Ղրիմի` կապտին տվող կանաչով թավիշված ծառեր,
Ծառերի ճեղքից` ծովը մարմարյա:
Իսկ կյանքի վերջը-սենյակն այս նեղլիկ
Նալբանդյան նեղլիկ փողոցի վրա.
Սենյակի կողին`զինվորի ժանգոտ, նիհար մահճակալ`
Բամբակե խամրած ծածկոցը վրան:
Ծռմռված մի արկղ,
Որով տանտերը իր նոտաներն է բերել Երևան,
Դարձել է այստեղ զարդապահարան:
Սենյակի մեջտեղ հազիվ կանգնել է
Ճաշասեղանը` մանկան պես երեր.
Սրա վրա է գրել, նոտագրել
Ու նաև կերել իր պատառ հացը:
Հին պերճությունից ներկա է միայն
Սև դաշնամուրը տոհմիկ ու շքեղ,
Եվ որը սակայն
Իր ապստամբած տիրոջ հետ մեկտեղ
Լքել է հարուստ հայրական տունը,
Եկել է ոգու, հոգու ետևից, Եկել Հայաստան-
Աղքատ ու ազնիվ այս կացարանը…
Սիլվա Կապուտիկյան 1968թ.