Ղրիմյան շրջան - Սուդակ
1916թ. Սպենդիարյանը վաճառելով Յալթայի առանձնատունը ընտանիքի հետ տեղափոխվում է Սուդակի ամառանոց:
Նույն տարում կոմպոզիտորն համերգներով մեկնում է Թիֆլիս: Առաջին անգամ լինելով Կովկասում Սպենդիարյանն առիթ է ունենում լսել Արևելյան և կովկասյան ժողովուրդների երաժշտությունը: Այստեղ նա հանդիպում է մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանին: Ծանոթանալով գրողի ստեղծագործություններին կոմպոզիտորը որպես օպերայի սյուժե ընտրում է «Թմկաբերդի առումը» պոեմը: Վերադառնալով Սուդակ նա ձեռնամուխ է լինում «Ալմաստ» օպերայի ստեղծման աշխատանքներին: Լիբրետոն գրում է ռուս բանաստեղծուհի Ս. Պառնոկը: Կոմպոզիտորի շուրջն են համախմբվում երգիչներ ու դերասաններ: Շուտով նրա աշխատասենյակում հնչում է օպերայի առաջին գործողությունը:
Սուդակում ևս Առաջին համաշխարհային պատերազմի և հեղափոխության տարիներին Սպենդիարյանը ծավալում է բուռն հասարակական գործունեություն: Կազմակերպում բազմաթիվ համերգներ՝ հօգուտ պատերազմից տուժածներին: