Դասընթաց «Կադրերի վերապատրաստում» ծրագրի շրջանակներում
02/09/2014
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում օգոստոսի 26-30-ը կայացավ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Կադրերի վերապատրաստում» ծրագրի շրջանակներում «Թանգարանների ֆոնդային աշխատողների վերապատրաստում» թեմայով հնգօրյա դասընթացը։ Այն վարեց ՀՊՄՀ-ի թանգարանագիտություն և գրադարանագիտություն ամբիոնի դասախոս Նորա Դայանը։ Վերապատրաստմանը մասնակցեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի շարք թանգարանների գլխավոր ֆոնդապահներ և մասնագետներ։ Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին ֆոնդային աշխատանքի համալրման, հաշվառման, տարբեր ժամանակաշրջանների բովանդակության և համապատասխան ձևերի վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
Դասընթացի մեկնարկի օրը մասնակիցները այցելեցին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացան ցուցադրությանը, թանգարանի գիտաշխատող, վոկալիստ Նվարդ Ստեփանյանի կատարմամբ ունկնդրեցին կոմպոզիտորի մշակմամբ «Ղարիբ բլբուլ» երգից մի հատված, հնչեցրեցին «Սպենդիարաֆոնն» ու ղեկավարեցին վիրտուալ նվագախումբը:
Դասընթացի ավարտին ՀՀ մշակույթի նախարարության վկայագրերը մասնակիցներին հանձնեցին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ու դասընթացավար Նորա Դայանը: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և կարևորեցին նման դասընթացների նշանակությունը: