«Թանգարանային գիշերը» Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում
23/05/2014
Թանգարանային գիշերը Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում իսկական մշակութային իրարանցում էր:
Միջոցառման սկիզբն ազդարարեց Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի դհոլահարների անսամբլը, ելույթ ունեցան պարախմբեր, ժողգործիքների անսամբլներ: Երեկոն շարունակեցին Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ժողգործիքների անսամբլը, քանոնահարների հնգյակը: Ջերմ երեկոյի եզրափակումը եղավ Դավիթ Գյոդակյանի ղեկավարած ջազ բենդի հրաշալի ելույթը, որը թանգարանի պուրակում համախմբել էր մեր մեծ ու փոքր այցելուներին:
Մեղեդու գույներն իրենց նկարներում արտահայտեցին Գեղագիտության Ազգային Կենտրոնի Գևորգ Թադևոսյանի սաները և «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների հասարակական կազմակերպության երեխաները:
Մեր այցելուները հնարավորություն ունեցան «Թանգարանների գիշեր» միջոցառման համար
ստեղծված «Գեղադիտակ» (”Kaleidoscope”) ծրագրի միջոցով Սպենդիարյանի տուն-թանգարանում արված իրենց «սելֆիները» տարածել ողջ Եվրոպայում:
Բոլոր անցորդները ճաշակեցին «Կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով», որը տրամադրել էր «Բոնիլատ» ընկերությունը և «Դարոյնքի» անուշահամ թխվածքաբլիթները: Նրանց նվիրատվություններից գոյացած հասույթով մայիսի 27-ին` Սպենդիարյանի տուն-թանգարանում կկազմակերպվի միջոցառում, որի ընթացքում կհյուրընկալվեն Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցները և մեկ անմոռաց օր կունենան նաև նրանք: