Հիշատակի օր
Ռաֆայել Հակոբյանց
20/02/2015
Փետրվարի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում հիշատակի օր էր՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,Կոմիտասի անվան ԵՊԿ-ի վոկալ ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցին: Միջոցառման նախաձեռնող թանգարանի գլխավոր ֆոնդապահ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ Հակոբյանցի մանկավարժական ու մշակութային ակտիվ գործունեությանը, ով նաև տարիներ շարունակ եղել է թանգարանի մեծ բարեկամը: Շարունակելով սիրելի ուսուցչի թողած լավ ավանդույթը, ով բազմաթիվ համերգներ է կազմակերպել մշակութային տարբեր օջախներում, այսօր նրա սաները իրենց համերգը նվիրեցին Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին: Այժմ նրա գործը շարունակում է Ալինա Փահլևանյանը: Ելույթ ունեցան Նունե Գրիգորյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Եպրաքսյա Պողոսյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, իսկ համերգը եզրափակեց Ալեքսանդր Ժույկովը՝ Ալ. Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսի կատարմամբ: Նրանց նվագակցում էին Գոհար Մուրադյանն ու Կատրին Հովսեփյանը: Ներկաները Ռ. Հակոբյանցի մտերիմները, ընկերներն ու գործընկերներն էին: Բոլորը ջերմ ու վառ հիշողություններ պատմեցին սիրելի ուսուցչի, լավ ընկերոջ ու մշակույթի նվիրյալի՝ Ռաֆայել Հակոբյանցի մասին: