ՊԱՏԱՆԻ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՄԱՆ ՇԱԲԱԹԸ
Արդեն մի քանի տասնամյակ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և կոմպոզիտորի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը հոկտեմբերի վերջին շաբաթը նվիրում են ի պատիվ մեծանուն հայի ստեղծված հատուկ կրթամուշակութային նախագծի իրականացմանը։ Նախագիծը մեկնարկում է ուսումնական հաստատության առաջինցիների տուն-թանգարան այցելություններով, շարունակվում «Պատանի սպենդիարյացիների երդում» հանդիսավոր արարողությամբ և ավարտվում կոմպոզիտորի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի դաշնամուրը կամ ջութակը լավագույն աշակերտի կատարմամբ կենդանացնելու հնարավորությամբ։ Այս տարի այն որպես պատիվ և պատասխանատվություն տրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սան Էլինա Հակոբյանին։