ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Տարեց տարի ամրապնդվում և ընդլայնվում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ու հաստատության ընկերների համագործակցությունը, ինչն արտահայտվում է զանազան նախագծերով և նորամուծություններով։ Երեք տարվա պատմություն ունեցող ավանդույթի համաձայն, այս տարին էլ տուն-թանգարանն ամբողջացրեց փոխադարձ գնահատման ցուցանիշներն ամփոփող մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում բացահայտվեցին լավագույնները։ Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի ու ստեղծագործական ժառանգության, ինչպես նաև տուն-թանգարանի գործունեության հանրահռչակման հարցում իրենց կատարած աշխատանքով առանձնացել են 13 անձ ու հաստատություն՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական (Երևան), Գառզուի անվան արվեստի (Չարենցավան), Մ. Օրմանյանի անվան միջնակարգ (Արարատի մարզ Արմաշ համայնք), Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական (Երևան) դպրոցները, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը (Երևան), «Բու» նախադպրոցական ակադեմիան (Երևան)։ Լավագույն աշակերտ անվանակարգում հաղթողը Ն. Զարյանի անվան թիվ 130 դպրոցի սան Վիգեն Եթումյանն է, որը տուն-թանգարան այցով ոգևորված պատրաստել է «Ալմաստ» օպերայի բեմադրության մանրակերտը։ Լավագույն ուսուցիչի անվանակարգը բաժին է հասել Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցի ուսուցչուհի Սաթիկ Մարգարյանին և Ա. Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի ուսուցչուհի Գայանե Խաչատրյանին։ Լավագույն դասախոսի անվանակարգում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Աննա Մինասյանը։ Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի ու ստեղծագործական ժառանգության, ինչպես նաև տուն-թանգարանի գործունեության հանրայնացմանը մեծապես նպաստել են բազմաթիվ լրատվամիջոցներ, իսկ հատուկ առանձնացել են «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագիրը և Հանրային հեռուստաընկերության «Արվեստը և իրականությունը» հաղորդաշարը։ Առանձնացվել է նաև տուն-թանգարանի գիտաշխատող Հասմիկ Համբարյանի աշխատանքը։