ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆՐԱՅՆԱՑՎՈՒՄ Է ՄԱՐԻՆԱ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԱՅԻ ԱՐԽԻՎԸ
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` ս. թ. սեպտեմբերի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ «Բազմաշնորհ հայուհին» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի ծննդյան 115-ամյակին։ Իր գոյության ամեն վայրկյանը ստեղծագործաբար հարստացրած Մարինա Սպենդիարովայի (1903 Յալթա – 1982 Երևան) կյանքի և գործունեության պատմությունը ցուցահանդեսում ներկայացված է նրա ստեղծագործական ժառանգության ավելի քան 100 լավագույն նմուշների, լուսանկարների, փաստաթղթերի, նամականու, անձնական և այլ իրերի ու հեղինակած գրքերի համադրմամբ։ Ի դեպ վերջիններն այցելուն տեղում թերթել-կարդալու հնարավորություն կունենա մինչև ցուցահանդեսի ավարտը՝ նոյեմբերի 1-ը։
Մարինա Սպենդիարովայի կերպարն հնարավորինս ամբողջական ներկայացնելու նպատակով՝ տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի աշխատակիցներն ուսումնասիրել են բազմաշնորհ հայուհու արխիվը ու բացահայտել բազում հետաքրքրական նյութեր, որոնց վիզուալ համադրումը հեղինակել է Լիլիթ Արշակյանը։