Հանդիպում պատանի կոմպոզիտորների հետ
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Պատանի կոմպոզիտորները մեծ դասականի տանը» խորագրով միջոցառում: Այն շարունակությունը դարձավ երիտասարդ ստեղծագործողների հետ ինտերակտիվ հանդիպում-քննարկումների շարքի, որն այս անգամ իրականացվեց Հայաստանի Կոմպոզիտորների Միության հետ համագործակցությամբ: Մասնակիցներն էին Էդվարդ Միրզոյանի անվ. պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրները: Միջոցառումը խորհրդանշական կերպով համընկավ ուսուչցի միջազգային տոնին և մեծանուն կոմպոզիտորի՝ Է. Միրզոյանի հիշատակի օրվան:
6 շնորհաշատ պատանիներ՝ Էրիկա Մարկոսյանը, Ռուբեն Ավագյանը, Սյուզաննա Աղամալյանը, Մերի Առակյանը, Էդուարդ Ալեքսանյանը և Էդգար Մխիթարյանը ներկայացրեցին իրենց՝ մրցանակի արժանացած ստեղծագործությունները: Անմիջական մթնոլորտում մասնակիցների և հանդիսատեսի միջև ծավալված երկխոսությանը կարծիքներով փոխանակվելու առիթ ունեցան նաև պատանիների ծնողները և կոմպոզիցիայի ուսուցիչները: