ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՄԵԾ ՍԻՄՖՈՆԻՍՏԻ ՏԱՆԸ
Ամենայն հայոց բանաստեղծն ոչ միայն ընկերությամբ, այլև ստեղծագործական ոգեշնչման առումով ուղեկիցն է եղել շատ -շատերի և իհարկե, մեծ սիմֆոնիստ Ալեքսանդր Սպենդիարյանի ու նրան հաջորդած բազում ստեղծագործողների։ Դարեր կտրող ստեղծագործական այդ համագործակցության ուղիների ուրվագծումն արվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում՝ մայիսի 30-ին կայացած «Թումանյանը երաժշտության մեջ» խորագրով ցերեկույթ-ցուցահանդեսում։
Այն տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աստղիկ Հարությունյանի անդրադարձ էր 20-րդ դարի սկզբում և վերջում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով գրված երկու հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» և Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» օպերաների ստեղծման և բեմադրությունների պատմությանը և նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին։