Ամփոփվեցին «Երևանյան էտյուդներ» լուսանկարչական մրցույթի արդյունքները
Մայիսի 18-ին Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կայացավ «Երևանյան էտյուդներ» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը, որի ընթացքում ամփոփվեցին նաեւ մրցույթի արդյունքները։
Նշանավոր հայ կոմպոզիտորի համանուն ստեղծագործության խորագիրը կրող ֆոտոմրցույթը նվիրված էր կոմպոզիտորի 150-ամյակին: Նախապես հայտարարված ֆոտոմրցույթին մասնակցել է 120 հեղինակ, ներկայացվել է ավելի քան 400 աշխատանք, դրանցից միայն 32-ն են ժյուրիի որոշմամբ ներառվել ամփոփիչ ցուցահանդեսում:
Սպենդիարյանը «Երեւանյան էտյուդներ» ստեղծագործությունը գրել է Երեւան կատարած այցից ոգեշնչված. այն հայկական առաջին սիմֆոնիկ գործն է, որը կոմպոզիտորը նվիրել է Երեւանի առաջին սիմֆոնիկ նվագախմբին: «Մենք այսօր ունենք բազմաբովանդակ լուսանկարներ, բայց կարծում եմ` կհամաձայնեք, որ այսօր Երեւանը ներկայանում է ոչ միայն լավ, գեղեցիկ, շքեղ, մաքուր, այլեւ` իր թերություններով: Շատ դժվար էր ընտրություն կատարելը, բայց ինձ շատ ուրախացրեց մասնակիցների աշխուժությունը եւ ներկայացված լուսանկարների մեծ թիվը»,-նկատեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Մրցույթի ժյուրիի կազմում էին հայտնի լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Մելիք Բաղդասարյանը, Սամվել Սեւադան , Մարինե Օթարյանը, Արազ Արթինյանը:
Առաջին մրցանակին արժանացավ Դավիթ Հակոբջանյանը, երկրորդը ճանաչվեցին Անի Հակոբյանի ու Ելենա Առաքելյանի լուսանկարները, երրորդը՝ Մարիա Սարգսյանի աշխատանքը: Հատուկ մրցանակի արժանացավ Արման Գասպարյանը, Ստյոպա Պողոսյանը, Արթուր Խաչատյանը, Մարկ Պետրոսյանը եւ Լիլիթ Դադիկյանը:
Հիշեցնենք, որ միջոցառման հովանարվորներն էին ՝ «Վեգա» խանութների ցանցը, «Զանգակ» հրատարակչությունը, իսկ տպագրական աջակիցն էր՝ «AG print» ընկերությունը։