ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ-ՀՈՒՇԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է
Հայաստանի առաջին երաժշտական-հուշային թանգարանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, այս տարի նշում է բացման 50-ամյակը և կոմպոզիտորի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, հայտարարեց հոբալյանին նվիրված միջոցառումների մեկամսյակի մեկնարկը։ Ավանդույթի համաձայն` կոմպոզիտորի գործունեությունը գնահատողներն ու ստեղծագործական ժառանգության երկրպագուները, ինչպես նաև նրա անունը կրող երեք հաստատությունների՝ տուն-թանգարանի, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և երաժշտական մասնագիտացված դպրոցի աշխատակիցներն ու սաները այցելեցին Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմ և հարգանքի տուրք մատուցեցին։
Պատանի սպենդիարյանականները՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների արդեն 21-րդ սերունդը, հանդիսավոր կերպով երդվեց հավատարիմ մնալ կոմպոզիտորի սահմանած բարձր չափանիշներին։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը մի հատված կատարեց «Ալմաստ» օպերայից։
Այդուհետ միջոցառումը շարունակվեց կոմպոզիտորի տուն-թանգարանում՝ «Բացահայտիր Սպենդիարյանին» և «Ես՝ բեմանկարիչ» վիրտուալ-իտերակտիվ խաղերի շնորհանդեսով։ ժամանց և ուսումնառություն, փաստեր և գեղագիտական դրսևորումներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորություններ և թիմային աշխատանք ներառող խաղերի կանոններին առաջինը տեղեկացել և տուն-թանգարանի հետ համագործակցող դպրոցների ուսուցիչներին ներկայացրին Հաղորդավարների և լրագրողների «ԹիՎի իդեալ» մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները։ Խաղերը նախագծել և իրականցրել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը՝ համագործակցելով «Ինտերակտիվ վորդ» ընկերության հետ։
Տևողությամբ և նշանակությամբ պատկառանք ներշնչող գործունեությունը նշանավորելու նպատակով՝ տուն-թանգարանն ընթացիկ տարվա բոլոր միջոցառումները նվիրել է սեփական 50-ամյակին։