ՆՈՐ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ-ՎԻՐՏՈՒԱԼ ԽԱՂ ԵՎ 50 ՀՈՒՇԱՆԵՎՐ՝ 50-ԱՄՅԱ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՑ
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում շարունակվում են հաստատության 50-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց շրջանակում կայացել են «Իմ նվագախումբը» ինտերակտիվ-վիրտուալ խաղի և «50 հուշանվեր՝ 50-ամյա տուն - թանգարանից» նոր հուշանվերների շարքի շնորհանդեսները։
Այսպիսով ավելացել են տուն-թանգարանի այցելուներին առաջարկվող ինտերակտիվ-վիրտուալ կրթական ծրագրերը՝ հասնելով չորսի։ Ինտերակտիվ խաղի շնորհիվ 50-ամյա հաստատությունը ևս մի անգամ մուտք կգործի զուգահեռ իրականություն՝ այդ կերպ ընդլայնելով իր սահմանները և հարստացնելով մշտական ցուցադրությունը։ Հաստատության այցելուների համար խաղը վիրտուալ իրականությունում ժամանցի և իմացություններն ընդլայնելու հնարավորություն է, որով կարելի է ծանոթանալ սիմֆոնիկ նվագախմբի կազմին, դասավորությանը, հնչողությանն ու դիրիժորի դերին։
Այն ավելի կհարստացնի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը՝ ապահովելով կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը ներկայացնելու արդեն իսկ կիրառվող գործիքների բազմազանության առավել բարձր մակարդակ։ «Իմ նվագախումբը» ինտերակտիվ-վիրտուալ խաղը մշակել է հաստատության ցուցադրությունների և հանրահչակման բաժինը, տեխնիկական կատարումն իրականացրել է «Ինտերակտիվ վորլդ» ընկերությունը, որի հետ համագործակցությունը հինգ տարվա պատմություն ունի։
«50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից» խորագրով շնորհանդեսում ներկայացվել են Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանի հոբելյանի առիթով ստեղծված հուշանվերները, որոնք կրում են կոմպոզիտորի ստեղծագործությունների բովանդակային շեշտը կամ նրա ժամանակների արտացոլքը: Յուրաքանչյուր հուշանվեր ունի մերօրյա կիրառութուն և գեղագիտական ամբողջություն։ Հուշանվերները ստեղծվել են տուն-թանգարանի աշխատակիցների մտահղացմամբ և տարբեր ընկերությունների ու վարպետների հետ համագործակցության արդյունքում։
«Իմ նվագախումբը» ինտերակտիվ-վիրտուալ խաղը ստեղծվել է պետական ֆինանսավորման ծրագրով, «50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից» հուշանվերների շարքը ստեղծվել է հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին։