ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԱԺՇԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս.թ. նոյեմբերի 28-ին, Կոմիատսի Անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Այն մեկնարկել է ‹‹Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը›› գրքի շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագել` հայագետ Արծվի Բախչինյանը։ Ձևավորումը ստանձնել է «Դիմ քոմյունիքեյշընս» ընկերությունը, տպագրությունը՝ «Էդիթ Փրինթ» հրատարակչությունը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հոգացել է բոլոր ծախսերը։ Գրքի գինեձոնը վերապահված էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին։
Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երկու հաստատությունների՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու երաժշտական մասնագիտացված դպրոցի մենակատարները, երգչախումբը և ժողովրդական գործիքների նվագախումբը։ Կոմպոզիտորի ռոմանսները կատարեցին Նարինե Անանիկյանը, Դիաննա Հարությունյանը, Լիաննա Վարդանյանը և Անդրանիկ Մալխասյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի ելույթով եզրափակվեց հոբելյանական միջոցառումը։