ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՆՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ալեքսանդր Սպենդիարյան Հատընտիր դաշնամուրային փոխադրում» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ժողովածուի շնորհանդեսը։
Հատկապես «Ալմաստ» օպերայով և «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությամբ հայտնի Ալեքսանդր Սպենդիարյանը, ով իրավամբ համավում է հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը, շարունակական հանրահռչակման արժանի բազմաթիվ այլ ստեղծագործություններ է հեղինակել, որոնցից տասի («Այ վարդ», «Արևելյան օրորոցի երգ», «Մի լար բլբուլ», «Օրորոցային» (Ղրիմի թաթարների երգ), «Ղարիբ բլբուլ» (Սայաթ-Նովայի երգերից), «Առ սիրուհիս» (հայկական ժողովրդական երգ), «Երգ մկնիկի մասին» «Ղրիմյան էսքիզներ» սիմֆոնիկ սյուիտից, «Աղջիկների պարը» «Ալմաստ» օպերայից, «Տղամարդկանց պարը» «Ալմաստ» օպերայից, «Պարսկական քայլերգ» «Ալմաստ» օպերայից) դաշնամուրային կատարումն այսուհետ հնարավոր կլինի։ Կոմպոզիտորի թվարկված ստեղծագործությունները կատարողական արվեստի ներկայացուցիչների ուշադրությանը ներկայացնելու նպատակով է հրատարակվել «Ալեքսանդր Սպենդիարյան Հատընտիր դաշնամուրային փոխադրում» ժողովածուն։ Դաշնամուրային փոխադրումները հեղինակել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Վիլլի Սարգսյանը, ժողովածուի մասնագիտական խմբագրումն իրականացրել՝ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովը։
Ձեռնարկը հրատարակվել է «Կոմիտաս» հրատարակչությունում` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արմեն Բուդաղյանի և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Սվասյանի (Շվեյցարիա) աջակցությամբ։