ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԻՇԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Մայրաքաղաքի Նալբանդյան 21 հասցեում գտնվող շենքը 1926 թվականից Երևանի ճարտարապետական դիմագիծն ամբողջացնող պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձան է, իսկ այդ շենքում գործող Ալեքսանդր Սպենդիարյանի արդեն 51-ամյա տուն-թանգարանը հիմնադրման օրվանից՝ 1967 թվականի նոյեմբերի 25-ից, մայրաքաղաքի մշակութային կյանքն ամբողջացնող միավորներից է։
Այն առաջիններից էր, որ միացավ «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։ Այս տարի էլ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ աշխարհի 30 հազար թանգարաններին է միացել ու որպես գերհաղորդակցվող թանգարան` մի ամբողջ օր այցելուներին կոմպոզիտորի կյանքի ու գործունեության ուշագրավ դրվագներին ծանոթանլու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն է ընձեռել։