Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ: Միջոցառմանը Սպենդիարյանի անդրադարձը ուկրաինական ազգային երաժշտությանը ներկայացրեց տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահի ԺՊ Աստղիկ Հարությունյանը: Զուգահեռաբար հայերեն տեքստերի ուկրաիներեն թարգմանությունն ապահովեց Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս Դիանա Բաբայանը: Կոմպոզիտորի՝ 10-նյակ ուկրաինական ժողովրդական երգերի և զուգերգերի մշակումները բնագրով կատարեցին Լիաննա Վարդանյանը /սոպրանո/, Նարինե Անանիկյանը /մեցցո սոպրանո/, Մկրտիչ Մկրտչյանը /բարիտոն/՝ Կարինե Հովհաննիսյանի նվագակցությամբ:
Համերգը պատմական էր, քանի որ սպենդիարյանական մշակումները տուն-թանգարանում հնչեցին առաջին անգամ: Միջոցառմանը ներկա գտնվեցին Հայաստանում Ուկրաինայի գործերի ԺՀ Դենիս Ավտոնոմովը, ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ, ականավոր երգիչներ, պրոֆեսորներ և երաժշտասերներ: