Նվիրում Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-ամյակին
Մեծ երաժշտի ծննդյան օրն այս տարի նշանավորվեց երկու միջոցառմամբ: Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:00-ին, կոմպոզիտորի տուն-թանգարանում Սպենդիարյանի անունը կրող երաժշտական դպրոցի 1-ին դասարանցիները տվեցին «սպենդիարյանական երդում»: Դպրոցի լավագույն դաշնակահար ճանաչված երկու աշակերտի` Ալվինա Գասպարյանին և Էլինա Բաբայանին հնարավորություն ընձեռնվեց նվագել կոմպոզիտորի դաշնամուրը, լավագույն ջութակահարին էլ` Մանե Հովհաննիսյանին, նրա ջութակը: Նրանց վկայագրեր շնորհեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Նոյեմբերի 1-ին, 12:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին տարբեր սերունդների երաժիշտներ և երաժշասերներ: Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի քանոնահարները (դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան) կատարեցին կոմպոզիտորի «Երևանյան էտյուդներ» սյուիտից «Հիջասը»: Երևանի թիվ 99 հիմնական դպրոցի երաժշտության ուսուցչուհի Ագապի Գասպարյանի ղեկավարությամբ իր սաները կատարեցին Սպենդիարյանի «Այ, վարդ» ռոմանսը: Բացի այդ, Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեկնարկեց լրագրողական ֆլեշ մոբ: Հենց օպերային թատրոնի տարածքում Ավանի Մշակույթի տանը գործող «Ռադիո մշակույթ» ստուդիայի պատանի լրագրողներն իրենց ղեկավարի`Սոնա Նաջարյանի հետ Սպենդիարյանին առնչվող հարցումներ անցկացրին անցորդների հետ: Հարցումների արդյունքում պատրաստված լավագույն ռեպորտաժը կարժանանա մրցանակի թանգարանի կողմից: