Հանդիպում՝ «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով
«Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի շրջանակում այսօր ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում կայացավ հանդիպում «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով:
Ստորագրվեց համագործակցության հուշագիր Սպենդիարյանի տուն-թանգարանի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի միջև, այնուհետև ներկայացվեց դասախոսություն, որի բանախոսները Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանն էին:
Ցուցադրվեց տուն-թանգարանի գիտաշխատողներ Ինեսա Խաչատրյանի և Տաթևիկ Տանանյանի հեղինակած «Իրականացված երազանք» տեսաֆիլմը, որում պատմվում և բացառիկ նյութեր են ցուցադրվում Սպենդիարյանի և նրա ուսուցիչ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործական փոխհարաբերությունների մասին:
Օրվա ավարտին կայացավ համերգ՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ: Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: