«Սպենդիարյանի ժառանգությունը եվրոպական դիտանկյունից»
Սեպտեմբերի 24-25-ն անցկացվեց «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շարքը, որն այս տարի կրում էր «Կայուն ժառանգություն» խորագիրը: Համաեվրոպական ծրագրի շրջանակում սեպտեմբերի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «Սպենդիարյանի ժառանգությունը եվրոպական դիտանկյունից» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ:
Հայ մեծանուն կոմպոզիտորն առավել հայտնի է ռուսական երաժշտական միջավայրի հետ իր առնչություններով, սակայն իր կենդանության օրոք նրա ստեղծագործությունները հաջողությամբ կատարվել են նաև Եվրոպայում: Ցերեկույթին ներկայացվեցին հատընտիր դրվագներ եվրոպացի ամենատարբեր գործիչների նամակներից, հուշերից և գրախոսականներից, որոնց շնորհիվ ամբողջացավ Սպենդիարյան արվեստագետի և անհատի գնահատանքը եվրոպական միջավայրում: Թեմատիկ բանախոսությունը ներկայացրեց տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Համբարյանը:
Միջոցառման համերգային բաժնում, կրկին թեմային համահուչ, ընդգրկվել էին Սպենդիարյանի և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները՝ Էլեոնորա Հարությունյանը (սոպրանո), Էլեն Թադևոսյանը (ֆլեյտա)՝ դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանի նվագակցությամբ և Թերեզա Մարկոսյանը (դաշնամուր):
Միջոցառումն ամփոփվեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով: